
ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱԼԻՔԻ ԵՐԳԱՍԱՆՆԵՐԻՆ
Բազում ուղիներով ու հերկերով անցած,
Եվ ճաշակած արդեն իմաստության
Դառնապատիր պտուղը` ահա տալիս եմ այս
Խորհուրդները ես ձեզ, ո՜վ մեր վաղվա անհաս
Երգասաններ` փառքի ու վեհության:
*****
Ահավասիկ, ո՜վ դուք, իմ առաջին
Խորհուրդը, որ գալիս է կյանքից ու դարերից.
Չմոռանաք երբեք, երբ հյուսելու լինեք ձեր երգը շառաչուն,
Որ երգը երկրի՛ց է աճում և ոչ թե ձայներից կամ բառերից:
*****
Երկրորդ խորհուրդը, որ տալիս եմ ձեզ ահա,
0՛, անհողդո՛ղդ պահեք իբրև պատգամ.
Երգը ընթացք է ու հուն, և՛ տեգ է, և՛ ոգու ադամանդյա վահան,
Ե՛վ բարիք է, և՛ շնորհ անանձնապատկան:
*****
Երրորդ խորհուրդը ձեզ, ո՜վ գալիքի
Երգասաններ. դարերն են ձեզ հետևում.
Թեկուզ դարն է ծնում, և երկիրն է տալիս երգին շունչ ու ոգի,
Բայց երգը երկրից ու դարից միշտ երկար է տևում:
Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաններ,
Որքան էլ վեհ լինի ձեր ներկան,
Չմոռանաք, որ դուք պիտի սերմեր ցանեք,
Որ լինեն դարից ձեր երկար:
*****
Եվ իմացե՛ք, ուրեմն, որ ոչ մի աշխատանք
Տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը.
Ի սկզբանե էր Բանը, և Բանն էր ճիգ ու ջանք,
Եվ ջանքին առընթեր էր երգը:
*****
Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաններ,
Ձեր ոգու տեգերով զրահավորված՝
Տքնեցե՛ք տքնաջան ու հնչյուննե՛ր ցանեք՝
Հերկելով հերկերն անցյալի, հանուն գալիք օրվա:
*****
Եվ ասում եմ ահա ձեզ, որ պիտի երգեք՝
Կարդալով մատյանն այս խորախորհուրդ.
Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը,
Եվ ա՛յս է իմ խորհուրդը յոթերորդ: